Երկարաքիթ կապիկներ
Երկարաքիթ կապիկներն ( Nasalis larvatus ) ունեն անսովոր մեծ քիթ, կարմրաշագանակագույն մաշկ, երկար պոչ, որոնք համարվում են էնդեմիկ տեսակ հարավարևելյան Ասիայում գտնվող Կալիմանտան (Բոռնեո) կղզու համար։ Հանդիպում են հիմնականում կղզու ափամերձ տարածքներում և մանգրովային անտառներում: Այս ցեղատեսակը տիբեթյան մակակների և մոխրագույն լանգուրների հետ լրացնում է Ասիա աշխարհամասի խոշոր կապիկների շարքը։ Երկարաքիթ կապիկների մոտ վառ արտահայտված է սեռական երկձևությունը (դիմորֆիզմ)։ Արուները սովորաբար կշռում են 16-ից 30կգ, իսկ էգերը` 7-ից 15 կգ։ Դիմորֆիզմին լրացուցիչ ավելանում է արուի մեծ քիթը, որի երկարությունը կարող է գերազանցել 10 սանտիմետրը կախվելով բերանից ներքև։ Երկար քթով խորը շունչ են քաշում և հնչեղ ձայներ հանում, ինչն էլ գրավում է հակառակ սեռին։ Գիտնականները պարզել են, որ ամենամեծ քթերով արուները ավելի շատ են գրավում էգերին, քան իրենց փոքր քթերով ցեղակիցները: Էգերի մոտ քիթը ավելի փոքր է, իսկ երիտասարդների մոտ՝ շրջված։ Էգերը սեռապես հասունանում են հինգ տարեկանում։ Հղիությունը սովորաբար տևում է 166–200 օր կամ մի փոքր ավելի։ Էգերը հակված են ծննդաբերել գիշերը կամ վաղ առավոտյան։ Նորածիններին կաթից կտրում են յոթ ամսականում: Երկարաքիթ կապիկների ձագերը ծնվում են կապույտ դեմքով, որը 2,5 ամսականում դառնում է մոխրագույն, իսկ 8,5 ամսականում, ինչպես մեծահասակներինը` կրեմագույն։
Երկարաքիթ կապիկները սովորաբար ապրում են խմբերով (մինչև 60 անհատներ), որոնք բաղկացած են մեկ հասուն արուից, չափահաս էգերից և նրանց սերունդներից: Արուն խմբում կարող է մնալ վեցից ութ տարի։ Գոյություն ունեն նաև արուների առանձին խմբեր (3-19 անհատներ), բայց և որոշ արուներ կարող են ապրել միայնակ։ Հասնելով հասուն տարիքի՝ արուները թողնում են իրենց ծննդաբերական խմբերը և միանում արական խմբերին։ Արուների փոխարինումները տեղի են ունենում առանց լուրջ բախումների: Ընդհանուր առմամբ նույն խմբերի անդամները բավականին հանդուրժող են միմյանց նկատմամբ։ Էգերի միջև գոյություն ունի գծային գերակայության հիերարխիա:
Երկարաքիթ կապիկները թերևս, պրիմատներից ամենաջրայինն են և բավականին լավ լողորդ են, ունակ են լողալ ջրի տակ մինչև 20 մ։
Հիմնականում ուտում են մրգեր և տերևներ, ինչպես նաև քիչ քանակությամբ ծաղիկներ, սերմեր և միջատներ։ Կապիկները հաճախ են կեր դառնում կոկորդիլոսների, հովազների, արջերի և պիթոնների համար, իսկ հիվանդներն ու փոքրիկները` արծիվների խոշոր բուերի և մողեսների: