ՇԱՀ ՉԵՐԱՂ» ՍՐԲԱՎԱՅՐ Իրանի հնագույն բնակավայրերից է Շիրազ քաղաքը, որը հայտնի է դեռևս Աքեմենյանների ժամանակաշրջանից։ Զբաղեցնում է 340 քառակուսի կիլոմետր տարածք, իր չափերով Իրանի հինգերորդ քաղաքն է՝ Թեհրանից, Քյարաջից, Սպահանից և Մաշհադից հետո։ Այն ունի բազմաթիվ պատմական հուշարձաններ, որոնցից է քաղաքի կենտրոնում գտնվող «Շահ Չերաղ»  սրբավայրը։ Այստեղ է գտնվում է շիաների 8-րդ իմամի, Իմամ Ռեզայի ավագ եղբոր՝ Ահմադ Իբն Մուսաի դամբարանը։ Մոտ 900 թ. Ահմադ Իբն Մուսան մեկնում է Խորասան եղբոր մոտ, սակայն ճամփորդության ընթացքում սպանվում է Շիրազում, քաղաքի տիրակալի հրամանով։ Հուղարկավորումից հետո մարդիկ տեսել եմ, որ գերեզմանոցից լույս է ճառագում։ Սկզբում մարդիկ անտեղյակ են եղել, թե ում գերեզմանից է լույս ճառագում, հետաքրքրության համար փորվել է լույս արձակած տեղը և հայտնաբերվել է զրահով պատված դի։ Դիակն ունեցել է մատանի, որի վրա գրված է եղել .«Իշխանությունը պատկանում է Աստծուն, Մուսայի որդի Ահմադ»։ Պարզվել է, որ դա այն վայրն է, որտեղ թաղված է Իմամ Մուսա Քազեմի որդին։ Շահ Չերաղ» պարսկերենից թարգմանաբար նշանակում է «լույսերի արքա»։ Անվանումը պայմանավորված է գերեզմանից արձակած լույսի հետ։ Փաստորեն «Շահ Չերաղ»-ը դամբարանի անունն է, որը տրվել է Ահմադ Իբն Մուսաին։ Այն համարվել է սրբավայր և թուրքմենների տիրապետության օրոք` 1226-1261 թվականներին, շիաների կողմից գերեզմանի վրա կառուցվել է դամբարան-մզկիթ։ 14-րդ դարում Թիմուրյանների օրոք, Թաշի-Խաթուն թագուհին էական վերանորոգումներ է կատարել, կառուցել է հանրության համար բաց դահլիճ, համալսարան, իր համար դամբարան  և աստվածաբանական դպրոց։ Վերանորոգման հսկայածավալ աշխատանք է կատարվել 1506 թվականին Սեֆյանների դինաստիայի հիմնադիր` Շահ Իսմայիլի կողմից։ Մզկիթը դեռևս վերանորոգման մեջ էր, երբ 1588 թվականին տեղի ունեցած երկրաշարժից փլզվում է կառույցի կեսը:  Հետագա վերանորոգումներ են իրականացվել նաև 18-րդ դարում։  Փահլավիների օրոք 1957-1962 թվականներին այստեղ էական փոփոխություններ են արվել։ Կրկին հայելապատվել են սրբավայրի ներքին պատերը, վերականգնվել է գմբեթը։ Այն կառուցվել է մետաղական շրջանակով և սալիկապատվել։ Հայելապատման աշխատանքներն իրականացվել է ճանաչված վարպետ Հոսեյն Զարիֆի կողմից։ Ներկայիս շինությունը բաղկացած է ինքնատիպ գավթից, որի արևելյան կողմում վեր են խոյանում տասը սյուներ։ Դամբարանի արևմտյան կողմում են գտնվում մզկիթը և զանազան սրահներ։ Իրանական ճարտարապետության մեջ «Շահնեշին»-ը մեծ սրահ է, որն ունի լավագույն զարդարանքները և օգտագործվում է հատուկ հյուրեր ընդունելու համար: Երկու փոքր մինարեթները, որոնք գտնվում են սյունազարդ սյունասրահի ծայրերում, վեհություն են հաղորդում դամբարանին, ինչպես նաև մեծ բակին: Ահմադ Իբն Մուսան և նրա սրբավայրը առանձնահատուկ տեղ ունի իրանցիների շրջանում և համարվում է Շիրազի պարտադիր տեսարժան վայրերից մեկը: Սրբավայրը բացի իր զարմանահրաշ ճարտարապետությունից, զբոսաշրջիկներին և ուխտավորներին ներկայանում է յուրօրինակ գլուխգործոց համարվող սալիկների և հայելիների անչափ գեղեցիկ դեկորացիաներով։ Այն գրանցված է Իրանի ազգային հուշարձանների ցանկում և համարվում է երկրի ամենագեղեցիկ մզկիթներից և դամբարաններից մեկը։ Հայելային աշխատանքը արվեստ է, որը զարդարում է Իրանի քաղաքների մեծ մասի պատմական շենքերն ու սրբավայրերը։ Այն ստեղծվել է պատահականորեն։ Դարեր առաջ Իրան ներմուծվող հայելիների մեծ խմբաքանակը տեղափոխման ընթացքում ջարդվել է և կոտրտված հայելիների հետ աշխատանքն էլ առիթ է հանդիսացել նկարիչ վարպետների համար ստեղծելու նման բարձրարվեստ աշխատանքներ։ Հայելագործության արվեստը տարածված է Շիրազ, Սպահան, Մաշհադ, Թեհրան և Ղոմ քաղաքներում։ «Շահ Չերաղ» սրբավայրի ներսի աշխատանքները աչք շոյող են, համարվում են ամենագեղեցիկ հայելային աշխատանքներից մեկը։ Հայելու անհամար կտորները լույսի արտացոլումից յուրահատուկ փայլ և գեղեցկություն են ստեղծում շինությունների ներսում։ Կարելի է տեսնել նաև գունավոր հայելիներով գրված արաբերեն և պարսկերեն գեղեցիկ գրություններ։ Շիրազը վաղուց արվեստի բնօրրան է, այստեղ են գտնվում 500-ամյա հայելիապատ բազմաթիվ շենքեր, որոնցից յուրաքանչյուրը ցույց է տալիս այս արվեստի նրբագեղությունն ու յուրահատկությունը։ Մեր այցելությունից երկու ամիս անց, 2022 թվականի նոյեմբերի 4-ին  ինքնաձիգով զինված ահաբեկիչը  մտել է «Շահ Չերաղ» սրբավայր և կրակ բացել ուխտավորների վրա, վիրավորել 50` և սպանել` 15 մարդու։ Հարձակվող ձերբակալվել է անվտանգության աշխատակիցների կողմից և դատապարտվել մահվան։

Теги других блогов: Շիրազ Շահ Չերաղ Հուշարձան